Ընկերության մասնակիցն իրավունք ունի ընկերության կանոնադրական կապիտալում իր բաժնեմասը (դրա մասը) գրավ դնել, եթե դա արգելված չէ ընկերության կանոնադրությամբ: ՀՀ օրենսդրությամբ սահմանված է Ընկերության մասնակցի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու ընթացակարգը, ըստ որի՝ Ընկերության մասնակցի պարտքերի համար պարտատերերի պահանջով նրա բաժնեմասի վրա կարող է բռնագանձում տարածվել միայն այդ մասնակցի պարտքերը մարելու համար այլ գույքի անբավարարության դեպքում` դատարանի վճռի հիման վրա: Ընկերության նման մասնակցի բաժնեմասի արժեքը նրա պարտատերերին վճարելու համար ընկերությունն առաջարկում է մյուս մասնակիցներին գնել այդ բաժնեմասը: Եթե ընկերության մասնակիցները մեկ ամսվա ընթացքում չեն օգտվում բաժնեմասը գնելու իրենց իրավունքից, ապա ընկերությունն իրավունք ունի ձեռք բերել այդ բաժնեմասը և ընկերության մասնակցի պարտատերերին վճարել բաժնեմասի արժեքը:
Եթե ընկերությունը մեկ ամսվա ընթացքում չի օգտվում ընկերության մասնակցի բաժնեմասը ձեռք բերելու իրավունքից, ապա բաժնեմասի վրա բռնագանձման տարածումն իրականացվում է բաժնեմասը հրապարակային սակարկություններով վաճառելու միջոցով: Բաժնեմասը մեկ ամսվա ընթացքում հրապարակային սակարկություններով չվաճառվելու դեպքում ընկերության կանոնադրական կապիտալում առանձնացվում է բաժնեմասին համապատասխան գույք` դրա վրա բռնագանձում տարածելու համար: