Նորություններ

ԵԱՏՄ Օրենսդրություն

ԵԱՏՄ Օրենսդրություն

Մաքսային և հարկային վճարների վճարումից խուսափելու տարբեր սխեմաների օգտագործումը բացառող պայմաններ ստեղծելու, Եվրասիական տնտեսական միության մի անդամ պետության տարածքից այլ անդամ պետության տարածք ապրանքներ տեղափոխելիս դրանց շրջանառության օրինականությունը հաստատելու նպատակով Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները 2019թ. մայիսի 29-ին Նուր-Սուլթան քաղաքում ստորագրեցին «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը, որի շրջանակներում ՀՀ կառավարությունը վերջերս շրջանառության մեջ է դրել որոշման մի նախագիծ, որով նախատեսվում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից ապրանքի հետագծելիության ենթակա կլինեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող ցանկում ընդգրկված և «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով չձևակերպված այն ապրանքները, որոնք առգրավվել են կամ այլ ձևով դարձել են պետության սեփականություն (եկամուտ) կամ որոնք դատարանի որոշմամբ բռնագրավվել են մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման հաշվին կամ որոնք Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան` մաքսային մարմինների կողմից վերցվել են արգելանքի և այդ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձանց կողմից սահմանված ժամկետներում դրանք չեն պահանջվել:

Այդ ապրանքների իրացման կամ անհատույց տրամադրման գործարքների մասով պետք է դուրս գրվեն հաշվարկային փաստաթղթեր` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ և 56-րդ հոդվածներին համապատասխան, դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում ներառելով նաև հետագծելիության ենթակա ապրանքների մասով հաշվարկային փաստաթղթերում պարտադիր լրացման ենթակա տեղեկությունները: