Նորություններ

Գույքային իրավունք և կառուցապատում

Գույքային իրավունք և կառուցապատում

Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատված է ՀՀ կառավարության 19.03.2015թ. թիվ 596-Ն որոշմամբ: Կառուցապատման նպատակով թույլտվությունների տրամադրումը եռափուլ գործընթաց է և կազմված է նախագծման թույլտվության (կամ ճարտարապետահատակագծային առաջադրանքի), շինարարության թույլտվության և ավարտական ակտի կամ շահագործման թույլտվության տրամադրման փուլերից: Նախագծման թույլտվությունը կամ ճարտարապետահատակագծային առաջադրանքը փաստաթուղթ է, որը սահմանում է քաղաքաշինական գործունեության տվյալ օբյեկտին ներկայացվող նախագծման պարտադիր պահանջները, պայմաններն ու սահմանափակումները: Իրավասու մարմնի կողմից նախագծման թույլտվության տրամադրման հայտը մերժվում է հետևյալ դեպքերում.

1. եթե հայտում ամրագրված են այնպիսի ցուցանիշներ (պայմաններ), որոնք հակասում են տվյալ տարածքի տարածական պլանավորման փաստաթղթերի կամ քաղաքաշինական, բնապահպանական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային և այլ նորմատիվ փաստաթղթերի պահանջներին,

2. եթե առկա է պատմամշակութային հուշարձանների բնագավառի լիազորված մարմնի բացասական մասնագիտական եզրակացությունը,

3. եթե առկա է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ առաջադրանքը համաձայնեցնելու իրավասությամբ օժտված պետական կառավարման այլ լիազորված մարմինների բացասական եզրակացությունը,

4. եթե մատակարար կազմակերպությունների կողմից տեխնիկական պայմանների տրամադրման վերաբերյալ իրավասու մարմնին ներկայացվում է հիմնավորված մերժում: